Գլխավոր / Հարցազրույցներ / Ապրել այս օրով,բայց երբեք չդադարել երազել: Մարգարիտա Խլղաթյան

Ապրել այս օրով,բայց երբեք չդադարել երազել: Մարգարիտա Խլղաթյան

Հայուհի,ընտանիքի կին,հոգատար մայր,սիրող տատիկ,ահա այսպիսին է մեր զրուցակից Մարգարիտա Խլղաթյանը։ Ինքնատիպ,յուրօրինակ,համեստ,բազմազբաղ, միշտ առաջ նայող հայուհի,ով գործնական թոհուբոհի մեջ ժամանակ է գտնում ստեղծագործելու, ունկնդրին հոգուց մի պատառ ներկայացնելու համար։ Շատ բազմակողմանի զրույց ստացվեց,ինչը և ակնկալելի էր,չէ որ Մարգարիտան այնքան ասելիք ունի…

-Սիրու՞մ եք գործարար կնոջ կերպարը։

-Գիտեք, ես ինձ ինչ հիշում եմ, նախաձեռնող եմ եղել,աշխատող,մշտապես զբաղված։ Ժամանակ անգամ չեմ ունեցել մտածել այդ ուղությամբ։ Դեռևս հայրենիքում բնակվելու տարիներին  բիզնեսով եմ զբաղվել։ Մասնագիտությամբ դեղագործ եմ և երկրաշարժից հետո Գյումրիում առաջին մասնավոր դեղատունն իմն է եղել։ Հետո այդ դեղատանը գումարվեց ևս մեկը, և բավականին սահուն կերպով ես դարձա գործարար ու կարծես ինձ շատ լավ եմ զգում այդ կերպարում։

-Ընտանիքի անդամները չե՞ն գանգատվում ձեր զբաղվածությունից։

-Ես հինգ թոռնիկի տատիկ եմ իսկ վեցերորդը ծնվելու է մոտ օրերս։ Սրտատրոփ սպասում ենք այդ կարևոր իրադարձությանը։ Շաբաթ, կիրակի օրերին, երբ թոռներս ինձ մոտ են լինում, փորձում ենք օրը գեղեցիկ և հագեցած անցկացնել։

-Թոռնիկները մեծանում են ԱՄՆ-ում,հայապահպանության հարց կա՞։

-Դպրոցում երկլեզու դասարաններ են,բարեբախտաբար,հարսս էլ նույն դպրոցում ուսուցչուհի է աշխատում,ուստի կարծես թե խնդիր չկա,բայց, միևնույն ժամանակ,աշխատանքներ պետք է տարվեն,չի կարելի անգործության մատնվել։ Մեր ընտանիքում բոլորս հայերեն ենք խոսում, և հայապահպանության հարցը շատ լուրջ է դրված։

-Հայ ժողովուրդը թավշյա հեղափոխություն ապրեց,որպես հայ ին՞չ զգացմունքներ ունեք:

 Ես 88-ի զարթոնքը ապրել եմ,գիտեմ ինչ է դա, ուստի,երբ այս ամենը սկսվեց,օդում նույն զարթոնքի շունչը զգացի։Առաջին օրերից ել եղել եմ հրապարակում և բոլորն էլ տեսել ու լսել են ելույթներս: Ակտիվությունը եղել է ինքնաբերաբար,ես ինքնահաստատման խնդիր չունեմ,և որտեղ ժողովուրդս է եղել այնտեղ էլ ես,որպես ժողովրդի մասնիկ։ Իհարկե, վախենում էի,մենք մարտի 1 ենք տեսել ,1996 ենք տեսել, երբ ընտրված քաղաքական ուժին պարզապես չթողեցին գալ իշխանության և խլեցին ժողովրդի հաղթանակը։ Հենց այդ ժամանակ էլ հուսալքության մի հսկայական ալիք բարձրացավ,ու մենք էլ շատերի պես որոշեցինք դուրս գալ Հայաստանից,քանզի զգում էինք,որ երկիրը այլ ուղղությամբ է գնում։

-Ապագա չտեսնելու փա՞ստն է Ձեզ ստիպել լքել Հայրենիքը։

 –Գիտեք միայն մեկ պատճառով չէր պայմանավորված այդ ծանր որոշումը,քանզի ես բավականին լավ ապրում էի,ֆինանսական որևէ խնդիր չկար:Խնդիրը երեխաներիս ապագան էր.տեսնում էի, հայրենիքս բռնապետական երկիր է դառնում, դեղատների բիզնեսի ոլորտը մենաշնորհվում  էր ,ավազակային մթնոլորտ էր ձևավորվում,որտեղ հնարավոր չէր ազատ,արդար բիզնեսով զբաղվել:Ուստի, հաշվի առնելով մի շարք գործոններ, որոշեցինք հեռանալ Հայաստանից։

-Դեղագետ,ով ստեղծագործում և երգում է։ Ինչպե՞ս եք համատեղում

 -Դեռ մանկուց արվեստն իմ տարերքն է եղել.երգ,պար,ասմունք… Բայց ծնողներս դեմ էին,որ ես այդ ուղղությամբ գնամ ու, մեծ հաշվով, ես էլ գիտակցում էի,որ կայուն մասնագիտություն է պետք։ Շատ շնարհակալ եմ մորս,ով հորդորեց ընտրել դեղագիտության մասնագիտությւոնը,քանզի իր բնորոշմամբ, դա ընտանիքի կնոջը շատ հարմար մասնագիտություն է։ Հիմա համոզվել եմ դրանում։ Գիտեք,սա այն մասնագիտությունն է,որ  մեզ պահել է թե՛ Հայրենիքում,թե՛ այստեղ։ Իսկ արվեստի նկատմամբ սերը միշտ ուղեկցել է ինձ,օգնել կյանքի բարդ պահերին։

-Ին՞չը ստիպեց գործարար կնոջը հրապարակավ  երգել, ներկայացնել իր ստեղծագործությունները։

 -/Հոգոց է հանում/ Ես երկրաշարժ և վիշտ եմ տեսել,հարազատներ կորցրել՝երկրաշարժի զոհ են դարձել ծնողներս,քրոջս դստերը,մորաքրոջս տղային,ով ի դեպ շատ տաղանդավոր ջութակահար էր…մյուս կողմից՝ արդագաղթ,օտարություն,բարդություններ:
Մանկությանս երազանքն էր բեմ բարձրանալ,երգել:Այստեղ գործնական հաջողությունններից հետո որոշեցի մանկությանս երազանքի իրականացմամբ զբաղվել։Նաև երաժշտական դպրոց եմ ավարտել, մշտապես դաշնամուր նվագել,ստեղծագործել,բայց երբեք հրապարակավ ելույթ չեմ ունեցել։ Այսպիսով տղայիս հարսանիքի օրը ինձ երգ նվիրեցին,և ես որոշեցի այն կատարել։ Մոտ քառասուն երգի հեղինակ եմ,թողարկել եմ 3 ձայնասկավառակ, առաջինը՝ «Ասա սիրում ես», երկրորդը՝ «Հավատա», երրորդը՝ «Իմ Հայաստան»։ Տեսահոլովակներ,ելույթներ ու բավականին հաջողություններ գրանցվեցին։ Այս ամենից կառանձնացնեմ ամենաթանկը՝ ՙՙՄայրիկ՚՚ երգը,որը նվիրված է մայրիկիս և Սպիտակի երկրաշարժի բոլոր զոհերին… Շատ հուզական երգ է և արժանացել է մի շարք մրցանակների:

 -Չեմ կարող չհարցնել 88-ի երկրաշարժի մասին…

 Գիտեք ամեն մեկի կյանքում լինում է մի պահ,որից հետո մենք այլևս նույնը չենք մնում։ Աշխատանքի էի,երբ առավոտյան տանից դուրս եկա,միանգամից զարմացա օդի բարձր ջերմաստիճանի վրա։ Դեկտեմբեր ամսվա համար Գյումրիում անասելի տաք եղանակ էր։ Ի դեպ, մայրիկս մեկ օր առաջ էր վերադարձել Երևանից։ Գնացել էր եղբորս նորածին երեխային խնամելու: Մոտ ամիս ու կես Գյումրիում չէր։ Աղետին նախորդող գիշերը,երբ մայրս վերադարձավ,ամուսնուս հետ մինչև ուշ գիշեր ծնողներիս տանն էիք։Մայրս ասաց,որ որոշել է տուն գնել,տեղափոխվել Երևան։ Հրաշալի երեկո էր,բայց ես անասելի կարոտ էի զգում,գրկում էի մորս,կողքն էի նստում,կարծես գիտակցում էի, որ վերջին անգամ եմ տեսնում նրան։ Դեկտեմբերի 7-ի առավոտյան Միխայիլ Գրիգորիչի մոտ էի,դեղատան համար դեղորայք էի ստանում և հանկարծ… Ցնցում… Մի պահ ապշած Միխայիլ Գրիգորիչը նայեց դեմքիս ու բացականչեց։ – Յա, Ժա՞ժք է։Ուժգին հարվածից հետոմիանգամից թողեցի դեղերը ու փորձեցի դուրս վազել։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, ամեն բան 180° շուռ էր գալիս։ Տեսնում էի դիմացիս դուռը,բայց չէի կարողանում դուրս գալ,հարվածն ինձ հետ էր շպրտում։ Մի կերպ հրաշքով դուրս եկա ու բռնվեցի փողոցային լուսավորության սյունից,որից արդեն մի քանի մարդ էր բռնվել։ Չէինք կարողանում ոտքի վրա կանգնել։Աչքիս առաչ դիմացիս 9 հարկան շենքը հավասարվեց գետնին, ու ես մինչև հիմա լսում եմ մարդկանց ճիչերը,ովքեր շենքի հետ միասին կործանվեցին։ Անասելի աղմուկ էր,դղրդյուն,փոշի…. ՈՒ մի ակնթարթում ամեն ինչ լռեց…/դադար/։

Չէի հասկանում, ինչ է կատարվում,ուշքս ու միտքս երեխաներս էին։ Շտապեցի մանկապարտեզ ու ճանապարհին ինքս ինձ մխիթարում էի,որ երևի ամուսիս աշխատանքի կլինի,մայրս՝ գնումների,բայց հոգուս խորքում զգում էի,որի ինձ մեծ ողբերգություն է սպասվում։ Հետաքրքրական է,որ ամուսինս ևս հրաշքով փրկվել էր, տեսնելով,որ մեր դեղատունը  փլվել է, շտապել էր մանկապարտեզ։ Փառք Աստծո,երեխաներս ողջ էին։ Հետո շտապեցի ծնողներիս շենք… Տեսա փլատակները,ու աչքերիս չէի հավատում,բղավում էի /հուզվում է/։

Մի խոսքով,սա մեծագույն աղետ է․․․Ցավ,անասելի ցավ…

-Գիտակցում եմ,որ ցավ եք վերապրում,ուստի հարցս այսպես ձևակերպեմ։ Որպես գյումրեցի, կարծում եք,որ սա բնակա՞ն աղետ էր,թե նպաստող հանգամանքներ էլ են եղել։

 Ես ու ականատեսներից շատերը վստահ ենք,որ սա կազմակերպված ոճրագործություն էր մեր ժողովրդի նկատմամբ։ Սա հայի ու հայկականի դեմ ուղղված ծրագիր էր՝ մեր ազգային զարթոնքն ու ոգին կոտրելու հեռանկարով։ Բազում խոսուն փաստեր կան՝  Յազվի հարցազրույցը, Շեվարնաձեի զեկույցը ԱՄՆ-ում ու մի շարք զեկույցներ,որոնք խոսուն վկայություն են։ Աղետի օրը մի շարք գյուղացիների չեն թողել,որ մոտենան Նալբանդ գյուղի իրենց հողամասերին,երևի որ չտեսնեն… Կարծիք կա,որ Նալբանդ գյուղի մոտակայքում ստորգետնյա գաղտնի ռազմաբազա է եղել,որն էլ պայթեցրել են։

Մի միջադեպի մասին պատմեմ.երկրաշարժից մի քանի օր առաջ հայտնի երաժիշտ,դաշնակահարուհի Սվետլաննա Նավասարդյանը,ով Մարինյան թատրոնի գեղ. ղեկավարի,թե դիրիժորի կինն էր,զանգ է ստանում Մոսկվայից, և նրան ստիպում են գնալ Մոսկվա,քանզի Գյումրիում ինչ որ վատ բան է սպասվում։ Ինչպես կբացատրեք,որ մի շարք բարձրաստիճան ռուս զինվորականներ իրենց ընտանիքիներին հանել են քաղաքից։ Մի  ռուս բարձրաստիճան զինվորականների ընտանիք չէր մնացել քաղաքում։

 -Ինչ եք կարծում,մի օր կբացահյտվի՞ ճշմարտությունը։

 -Չեմ հավատում։ Վերջին երեսուն տարում մենք անկախ չենք եղել ու մեծ հաշվով հակահայկական քայլեր են եղել։  Եթե այս տարիների ընթացքում հայրենասեր ու պետական մտածելակերպ ունեցող մարդիկ լինեին իշխանության գլխին, մի շարք հարցեր կստանային իրենց պատասխանները, ու երկրի վիճակն էլ այս չէր լինի։ Գիտեք, կորուստը կորուստ է,ցավը՝ ցավ,բայց ճշմարտությունը վեր է ամեն ինչից։

 -Զրույցը լավատեսական եմ ուզում ավարտել։ Հայաստանի մոտ ապագան ինչպիսի՞ն եք տեսնում։

 -Եթե մի երեք ամիս առաջ այս հարցը տայիք,կդժվարանայի պատասխանել,բայց հիմա,միանշանակ լավատեսական եմ տրամադրված։ Լավագույն օրերը դեռ առջևում են։ Օրինակ, ԱԱԾ-ի վերջին բացահայտումները տեսնելիս հոգիս տակն ու վրա էր լինում։ Մեր պատմությունը խեղաթյուրեցին,իրական հերոսներին սպանեցին,կեղծ ու սուտ պատմություններով ավազակներին հերոսացրեցին։ Այս թավշյա հեղափոխության ֆոնին նոր զարթոնք եղավ։
Ես հավատում եմ Նիկոլին,նա շիտակ մարդ է: Եթե ժողովուրդը տեր չկանգնի իր հաղթանակին… Անսխալ մարդ չկա,կուռքեր պետք չէ սարքել,բայց պայքարել միշտ պետք է։Ժողովուրդը պետք է ՍՈՒՊԵՐՎԱՅԶ անի/ժպտում է/։ Ես 88-ից պայքարողի դերում եմ եղել ու միշտ էլ մնալու եմ։ Ես այնտեղ եմ,որտեղ ժողովուրդն է,ժողովրդի շահն ու հավատը։ Ամեն ինչ լավ է լինելու…

 

 Պաշտոնական կայք՝ https://www.maggiekmusic.com

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *